Վրաստանում գիշերը բուռն է անցել. ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաներով, կիրառել են արցունքաբեր գազ. Կան ձերբակալվածներ

Ուրբաթ, Նոյեմբերի 29, 2024

1 ամիս առաջ

Վրաստանի ՆԳՆ-ն գրում է երեք վիրավոր ոստիկանների մասին, որոնցից երկուսը հոսպիտալացվել են ընդդիմության բողոքի ցույցը ցրելուց հետո՝ իշխանությունների՝ մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության բանակցություններից հրաժարվելու մասին հայտարարության ֆոնին։

Գերատեսչությունը հայտարարել է նաև, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ակցիան դուրս է եկել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքով սահմանված նորմերից, ուստի ոստիկանությունը դիմել է օրինական միջոցների և կիրառել հատուկ միջոցներ։

Ինչպես հայտնում է Georgia News պորտալը, գիշերը ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել, ինչի հետևանքով ցուցարարները կորցրել են գիտակցությունը։

Որոշ ժամանակ անց հաղորդագրություն հայտնվեց, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարության 78 աշխատակիցներ ստորագրել են հայտարարություն՝ ընդդեմ Եվրամիությանը երկրի անդամակցությունը սառեցնելու կառավարության որոշման։

Դրանում ասվում է, որ մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության բանակցությունների օրակարգից Վրաստանի դուրս գալու մասին հայտարարությունը չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին։ «Բացի այդ, անդամակցության բանակցային գործընթացի հետաձգումը կհանգեցնի երկրի մեկուսացման։ Առանց արևմտյան գործընկերների աջակցության, Վրաստանը մնում է մենակ սպառնալիքների հետ, որոնք հատկապես ուժեղանում են ընթացող գործընթացների ֆոնին»,- նշել են հայտարարությունը ստորագրողները։

Քիչ անց հատուկ ջոկատայինները սկսել են ցրել ակցիան, այդ թվում՝ ջրցան մեքենաներով՝ մաքրելով Վրաստանի խորհրդարանի դիմացի տարածքը։ Այնուհետև սկսվե են ցուցարարների զանգվածային ձերբակալությունները, ստացվել են հաղորդումներ վիրավորների մասին։

Դրանից հետո ընդդիմադիր կուսակցությունները այսօր նոր հանրահավաք են հայտարարել Ռուսթավելի պողոտայում, որը պետք է սկսվի ժամը 19:00-ին։